ՆԿԱՐՉԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ
Դարձյալ Երևանում է Ռուդոլֆ Խաչատրյանը
Երևանի արվեստասեր հասարակայնության առջև կրկին իր դռներն է բացել քաղաքի Ազգային պատկերասրահը: Առիթն այս անգամ տաղանդավոր գծանկարիչ, երկմիասնական կերպարների անզուգական կերտող Ռուդոլֆ Խաչատրյանի 60-ամյա տարեդարձի առթիվ բացված ցուցահանդեսն է, որն ընդգրկում է նկարչի վերջին շրջանի գործերը, ընդհանուր խորագրով «Բազմաչափ օբյեկտներ»: Յուրօրինակ աշխարհ են ներկայացնում այդ գործերը, որտեղ առարկան դիտարկվում է և՛ բարձրությամբ, և՛ խորությամբ, և՛ լայնությամբ: Ժամանակը, որ տեղ է գտել նրա նկարչության մեջ, ընկալվում է իբրև օբյեկտի չորրորդ չափ:
Նկարիչը հավատարիմ է մնացել առարկայի հավիտենական ըմբռնողականությանը իբրև իրական ձև և անընդհատ զարգացրել է այդ ձևին մոտենալու իր սկզբունքները:
Ռուդոլֆ Խաչատրյանի երկմիասնական կերպարը ծնվում է որպես պլաստիկ և գեղանկարչական լուծումների արդյունք: Այնուհետև այն ոչ միայն ապրում է իրեն հատուկ օրենքներով, այլև զարգացնում է «ինքն իրեն», համարյա կենսաբանորեն: Նկարիչը շարունակում է փնտրել, ինչպես ինքն է անվանում այդ կերպարը՝ «մարդու բանաձևը», Ադամին, որից ողջ մարդկությունն է սերվել:
Սա XX դարի նկարչական արվեստի մոտեցումներից է: Այս արվեստի հիմնադիրը համարվում է տաղանդավոր նկարիչ Երվանդ Քոչարը և, որն այսօր յուրովի զարգացրած մեզ է ներկայացնում Ռուդոլֆ Խաչատրյանը, և համարվում է քոչարյան ավանդների եզակի հոգևոր որդեգիրը:
— Ես շատ ուրախ եմ, որ այս ցուցահանդեսը բացվում է Հայաստանում, ասում է նկարիչը:
Նրա արվեստը բարձր է գնահատվում ոչ միայն հայրենիքում, այլև Մոսկվայում, Լոնդոնում և ամենուր, որտեղ նա ունեցել է իր անհատական ցուցահանդեսները:
ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի V կուրս